Հետանցքի շրջանի քոր

Հետանցքի շրջանի քորը հաճախ հանդիպող գանգատ է, դրանով տառապում է բնակչության 1-5%-ը: Հաճախ այն ուժեղանում է գիշերային ժամերին կամ աղիները գործելուց հետո և կարող է լուրջ անհանգստություն պատճառել մարդուն:

Ո՞րոնք են հետանցքի շրջանի քորի պատճառները

Վտանգավո՞ր է արդյոք հետանցքի քորը

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ դիմել բժշկի

Ի՞նչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել տնային պայմաններում

Ո՞րոնք են հետանցքի շրջանի քորի պատճառները

Հետանցքի քորը կարող է լինել որևէ հիվանդության կամ գրգռող նյութերի հետ այդ շրջանի մաշկի շփման հետևանք: Սակայն ավելի հաճախ քորի պատճառը չի հայտնաբերվում: Երեխաների մոտ հետանցքի շրջանի քորի ամենահաճախ պատճառը սրատուտնէ:

Հետանցքի քորի հնարավոր պատճառները թվարկված են ստորև.

  • ուղիղ աղու հիվանդություններ
    • թութք
    • ճաք
    • խուղակներ
    • ուղիղ աղու արտանկում
    • որոշ ուռուցքներ
    • սնկային հիվանդություններ (կանդիդոզ, դերմատոֆիտիազ)
    • պարազիտներ. (ցայլքային ոջիլ, քոս)
    • սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ (հերպես, սիֆիլիս, սրածայր կոնդիլոմա)
  • աղիների այլ հիվանդություններ
    • ճիճվային հիվանդություններ (սրատուտ)
    • լուծ. հետանցքի շրջանի հաճախացած շփումը կղանքային զանգվածների հետ կարող է քորի պատճառ լինել
  • տեղային գրգռում
    • հետանցքի շրջանի խոնավություն. այն կարող է լինել գերքրտնարտադրության կամ ճարպակալման հետևանք
    • հիգիենայի պարագաներ. օճառը, գունավոր կամ արոմատիզացված զուգարանի թուղթը և այլ պարագաները կարող են առաջացնել տեղային գրգռում և քոր
    • ներքնազգեստը. քորի պատճառ կարող է լինել ինչպես գործվածքը, այնպես էլ նրա վրա մնացած լվացքի միջոցների մասնիկները
    • որոշ մոմիկներ և քսուքներ ևս կարող են քորի պատճառ լինել
    • սննդակարգը. սուրճի, թեյի, գարեջրի, շոկոլադի, ցիտրուսային մրգերի, լոլիկի, որոշ համեմունքների, թթու սննդի ընդունումը որոշ դեպքերում կարող է քորի պատճառ լինել
    • որոշ դեղեր. ասպիրին, հիդրոկորտիզոն, կոլխիցին
  • մաշկային հիվանդություններ
    • փսորիազ
    • ատոպիկ դերմատիտ
    • սեբորեային դերմատիտ
  • որոշ հիվանդություններ կարող են առաջացնել տարածուն քոր, որը հատկապես արտահայտված է հետանցքի շրջանում
    • նյութափոխանակային և հորմոնային խանգարումներ (շաքարային դիաբետ և այլն)
    • երիկամային անբավարարություն
    • լյարդի հիվանդություններ և այլն

Վտանգավո՞ր է արդյոք հետանցքի քորը

Հազվադեպ ուղիղ աղու չարորակ ուռուցքների առաջին և միակ նշանը կարող է լինել հետանցքի շրջանի քորը:

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ դիմել բժշկի

Մեծամասամբ հետանցքի քորի հիմքում որևէ հիվանդություն ընկած չէ: Այնուամենայնիվ բժշկի դիմելը ցանկալի է յուրաքանչյուր դեպքում:

Անպայման դիմեք բժշկի, եթե.

  • քորը տևում է ավելի քան մեկ ամիս
  • քորն ուղեկցվում է այլ ախտանիշներով (հետանցքի շրջանի ցավ, հետանցքից արյունահոսություն կամ լորձային արտադրություն, փորկապություն, բարակ կղանք և այլն)
  • քորը շարունակում է Ձեզ անհանգստացնել ստորև թվարկված միջոցառումները ձեռնարկելուց հետո:

Ի՞նչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել տնային պայմաններում

Ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ, ով կհետազոտի Ձեզ և կախտորոշի կամ կհերքի քորի հնարավոր պատճառները: Քորի պատճառի հայտնաբերման դեպքում բուժումը ուղղված է դրա վերացմանը: Սակայն ավելի հաճախ պատճառն այդպես էլ չի հայտնաբերվում: Նման դեպքերում բուժման նպատակը միայն քորի զգացումը թեթևացնելն է: Ստորև թվարկված միջոցառումները կօգնեն Ձեզ թեթևացնել կամ կանխել հետանցքի քորը:

  • Հատուկ ուշադրություն դարձրեք հետանցքի շրջանի հիգիենային. աշխատեք հետանցքի շրջանը պահել մաքուր և չոր, աղիները գործելուց հետո ցանկալի է լվանալ կամ խոնավ կտորով սրբել հետանցքի շրջանը, այնուհետև չորացնել նուրբ կտորով: Օգտագործեք սպիտակ, չարոմատիզացված զուգարանի թուղթ: Փորձեք փոխել Ձեր օճառը և հիգիենայի մյուս պարագաները, քանի որ քորի պատճառը կարող են լինել հենց դրանք: Հնարավորինս պակասեցրեք հետանցքի շրջանի մաշկի վնասումը քորելու կամ սրբելու ընթացքում: Քորելու ժամանակ մաշկը վնասվում է, ինչը կարող է էլ ավելի ուժեղացնել քորը:
  • Խուսափեք հետանցքի շրջանի ավելորդ խոնավությունից. Աշխատեք չկրել նեղ, քրտնեցնող, մաշկի գրգռում առաջացնող ներքնահագուստ, ինչպես նաև նեղ տաբատ: Կրեք բամբակե ներքնազգեստ: Հնարավորության դեպքում խուսափեք նույն դիրքում երկար նստելուց, հատկապես շոգ տարածքում: Կարող եք օգտագործել մանկական նրբափոշի (присыпка) կամ տալկ:
  • Սննդակարգ. սուրճի, թեյի, կոլայի, գարեջրի, կաթի, շոկոլադի,ցիտրուսային մրգերի, լոլիկի, ընկույզի, որոշ համեմունքների, կծու, թթու սննդի վերացումը սննդակարգից երբեմն կարող է թեթևացնել կամ անցկացնել քորը: Փորձեք ուշադրություն դարձնել, արդյոք նշված մթերքներից որևէ մեկից կամ մի քանիսից հրաժարվելը թեթևացնում է Ձեր քորը:
  • Դեղորայք. Բժշկի հետ խորհրդակցելուց հետո կարող եք օգտագործել տեղային քսուքներ, որոնք հանգստացնում են քորը:
Share